Հավաքածու / Շտեմարան



Հովնաթանյան Հակոբ Մկրտումի

(1806 - 1881)

17-18րդ դարերում Հայաստանի արվեստը հիմնականում կապված է եղել Հովնաթանյանների տոհմի գեղարվեստական ստեղծագործության հետ: Նրանց գործունեության մեջ վառ կերպով դրսևորվել են այն հատկանիշները, որոնք բնորոշ են այդ ժամանակի ազգային գեղանկարչությանը: Հենվելով գրքային և մոնումենտալ գեղանկարչության ավանդների վրա, ընկալելով ինչպես հին, այնպես էլ Նոր Ջուղայի արվեստի զարգացումները, որոնք իրենց փայլուն դրսևորումներն ունեցան հենց այդ ժամանակաշրջանում, Հովնաթանյանները, կարողացան նոր մակարդակի բարձրացնել հայ գեղանկարչությունը:
Հովնաթանյանների տոհմի նախահայրն էր Նաղաշ Հովնաթանը /1661-1721/ բազմակողմանի զարգացած մարդ. որդիներն էին Հակոբը /ավագ/, Հարությունը և թոռը` Հովնաթան Հովնաթանյանը: Նրանց գործունեությունը տևեց է մի ամբողջ հարյուրամյակ, իսկ հետագայում երկու սերունդների` Մկրտումի և իր որդիների` Հակոբի ու Աղաթոնի գործունեությունը հասնում է մինչև 19-րդ դարի 80-ական թվականները:
Խիստ նշանակալից է Հակոբ Հովնաթանյան կրտսերի /1806, Թիֆլիս -1881, Թավրիզ/ դերը հայ գեղանկարչության զարգացման գործում, մասնավորապես դիմանկարչության ժանրում: Կենսագրական տեղեկությունները չափազանց սահմանափակ են: Ծնվել է Թիֆլիսում հայտնի դիմանկարիչ և մոնումենտալ գեղանկարչության վարպետ Մկրտումի ընտանիքում: Հակոբի ուսուցիչ կարելի է համարել ոչ միայն և ոչ այնքան հորը, որքան ամբողջ գերդաստանը: Հովնաթանյանների սերնդե-սերունդ փոխանցվող և հղկվող ավանդույթներն իրենցից ներկայացնում են դպրոցային համակարգի յուրատեսակ օրինակ: Հակոբի ձևավորման վրա չէին կարող չազդել ընտանիքի ավանդույթները: Չնայած դեռ երիտասարդական տարիքում ձեռք բերած դիմանկարչական մեծ փորձին, նկարիչը քսան տարեկան հասակում հանդես է բերում ակադեմիական կրթություն ստանալու ցանկություն: 1829-ի հունվարի 6-ին կոմս Ի. Ն. Դաշկևիչը նամակով դիմում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Ա.Ն. Օլենինին` Հովնաթանյանին որպես թոշակառու ակադեմիա ընդունելու խնդրանքով:Սակայն այն մերժվում է նկարչի տարիքի` ակադեմիայի սան ընդունվելու համար որոշակի տարիքին չհամապատասխանելու պատճառաբանությամբ: 1841-ին Հ. Հովնաթանյանը Ե. Գոլովինի դիմանկարի համար ստանում է ոչ դասական նկարչի կոչում: 1866-1867-ին տեղափոխվում է Թավրիզ` դստեր մոտ: Պատմում են, որ մի անգամ գիշերով արթնացել, մոմ, թուղթ ու մատիտ է պահանջել և նկարել Իմամ Ալիի դիմանկարը: Նկարել է Ալիի ծալապատիկ նստած, երկսայր սուրն ամուր բռնած ու ծնկներին սեղմած: Հավաքվել են Թավրիզի մեծամեծներն ու հավանություն տվել նրա նկարին` <<Այդպիսին է երևում Ալին նաև իրենց երազում >>: Նկարչի արվեստը բարձր գնահատելով Նասր-Էդ-Դին շահը նրան շնորհում է <<Նաղըշ Բաշ>> /նկարիչների գլխավոր/ տիտղոսը, պարգևատրում <<Էլմի>> շքանշանով: Ինչպես նաև առաջարկում է հավատափոխ լինել, սակայն Հովնաթանյանը մի սրամիտ պատասխանով խույս է տալիս, ասելով. <<Ալին ինձ ասաց դեմքս նկարիր, բաըց չասաց հավատքդ փոխիր>>: Հ. Հովնաթանյանի նկարած Իմամ Ալիի դիմանկարը հետագայում արտանկարում են պետական շքանշանի վրա:
Հ. Հովնաթանյանը մահացել է Թեհրանում յոթանասունհինգ տարեկան հասակում` 1881-ին և թաղվել Դարվազիե Ղազվին թաղամասի <<Սբ. Գևորգ>> եկեղեցու բակում:
Հակոբ Հովնաթանյանը մուտք գործեց հայ կերպարվեստ որպես դիմանկարի ժանրի մեծ վարպետ և աշխարհիկ թեմայի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև հանդիսացավ նոր շրջանի մունետիկը հայ արվեստում: