(1865 - 1911)
Ականավոր ռուս գեղանկարիչ, դիմանկարի և գրաֆիկայի վարպետ: Ծնվել է 1865 թ. հունվարի 7-ին Սանկտ-Պետերբուրգում` երգահան Ալեքսանդր Սերովի ընտանիքում: Պատանեկության տարիներին սովորել է Ի. Ռեպինի /Մոսկվայում և Փարիզում/, այնուհետև` 1880-1885 թթ.` Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայում, Պ. Չիստյակովի մոտ:
Վ. Սերովը ռուսական ռեալիստական գեղարվեստական դպրոցի լավագուն ավանդույթների ժառանգորդն է: Իր ստեղծագործական գործունեության վաղ շրջանից հանդես է եկել որպես նորարար և այդպիսին է մնացել ողջ կյանքում: 1887 թ. Աբրամցևոյում նա ստեղծում է իր ամենանշանակալի կտավներից մեկը` “Դեղձերով աղջիկը” - Վ. Մամոնտովայի դիմանկարը /Տրետյակովյան պատկերասրահ/:
Վ. Սերովը 1884 թվաականից դառնում է Պերեդվիժնիկների գեղարվեստական ընկերության անդամ: 1887 թվից դասավանդում է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Նրան աշակերտել են Պ. Կուզնեցովը, Ն. Սապունովը, Մ. Սարյանը, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ուլյանովը, Կ. Յուոնը: Վ. Սերովը 1890-ականներին ստեղծած դիմանկարներում բազմիցս անդրադարձել է գրողների, դերասանների, նկարիչների կերպարներին: Արվեստագետների դիմանկարներիի շարքում հատկապես յուրահատուկ են Մ. Երմոլովայի /1905, Տրետյակովյան պատկերասրահ/, Գ. Գիրշմանի /1907, Տրետյակովյան պատկերասրահ/, Օ. Օրլովայի /1911, Ռուսական թանգարան/ կերպարները: Սերովի ստեղծագործության առանձնահատուկ մասն են կազմում պատմական հորինվածքները: 1900-ականների սկզբին ստեղծած “Ցարական որս” նկարաշարում ներկայացված են Ելիզավետա և Եկատերինա 2–րդ թագուհիների ուրախ զբոսանքները, երիտասարդ Պետրոս 1-ինի որսորդական զվարճանքները:
© 2011-2014 - Հեղինակային իրավունքները պաշտպանված են, Հայաստանի ազգային պատկերասրահ | Օգտագործման պայմաններ | Facebook