Հավաքածու / Շտեմարան



Շիշմանյան Ռաֆայել Մարտիրոսի

(1885 - 1959)

1885, Լիճք - 1959, Երևան
Գեղանկարիչ, արվեստաբան Ռաֆայել Շիշմանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն գավառի Լիճք գյուղում: Վաղ հասակում կորցնելով ծնողներին` 1893 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս, ընդունվում տեղի Ազգային Կեդրոնական վարժարան: 1907 թ. ավարտում է վարժարանը և նույն թվականին հաստատության լավագույն սան ճանաչվելով` դառնում <<Ճունճյանի կտակի>> մրցանակաբաշխության հաղթող: 1908 թ. հատուկ կենսաթոշակով նա մեկնում է Փարիզ և հինգ տարի սովորում Գեղարվեստի ու Զարդարվեստի բարձրագույն վարժարաններում, հաճախում նաև Ժյուլիենի ակադեմիայի երեկոյան դասընթացները:
1912-ից սկսած Ռ. Շիշմանյանը մասնակցել է փարիզյան ցուցահանդեսներին, 1920 թվականից <<Անկախների սալոնի>> ամենամյա ցուցահանդեսների մասնակից էր: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում, զբաղվել է արվեստաբանությամբ, հասարակական գործունեությամբ: 1926 թ. Փարիզում բնակվող հայ արվեստագետների` Հ. Փուշմանի, Հ. Ալխազյանի և այլոց հետ միասին հիմնադրում է հայ նկարիչների <<Անի>> միությունը, որը 1930 թ. կազմակերպված վերջին ցուցադրությունից հետո լուծարվում է: 1931 թ. Ռ. Շիշմանյանի նախաձեռնությամբ ստեղծվում է մի նոր` <<Հայ ազատ արվեստագետների միություն>>: Նրա նախագահությամբ միությունը որոշ ընդմիջումներով շարունակում է իր գործունեությունը մինչև արվեստագետի Խորհրդային Հայաստան տեղափոխվելը 1947 թվականին: 1930-ական թթ. մեծ նվիրվածությամբ աշխատում է Հայաստանի օգնության կոմիտեում (ՀՕԿ): Երկրորդ աշխարհամարտի տարիներին` դեռևս օկուպացումից առաջ, Ռ. Շիշմանյանն իր կնոջ հետ հեռանում է Փարիզից և վերադառնում միայն 1944 թ.: Հետպատերազմյան տարիներին ակտիվ գուրծունեություն է ծավալում <<Հայ ազգային ճակատի>> կենտրոնական վարչությունում, որտեղ աշխատում է մինչև հայրենադարձվելը:
Ռ. Շիշմանյանն ավելի վաղ` դեռևս Կ. Պոլսում ապրելու տարիներին, զբաղվել է նաև արվեստաբանությամբ և արդեն 1907-ին արվեստի հարցերին նվիրված նրա հոդվածները լույս են տեսել Պոլսում հրատարակվող <<Մազումեի Էֆքյար>> (Կարծիքների շարան) լրագրում Նաղաշ, Լճեցի, Հրայր, Հրաչ կեղծանուններով: 1914 թ. Դանիել Վարուժանի խնդրանքով Շիշմանյանը համագործակցում է <<Մեհյան>> ամսագրին: Նրա հոդվածները վերաբերում էին ժամանակի շատ հրատապ հարցերի` գեղանկարչական ժամանակակից ուղղություններին: Ֆրանսիա տեղափոխվելուց հետո էլ նա մշտապես տպագրվել է այնտեղ հրատարակվող հայկական <<Երևան>>, <<Արագած>>, <<Ակոս>>, <<Ժողովուրդ>> ամսագրերում, Իտալիայում` <<Գեղունի>> հանդեսում և այլ պարբերականներում: Այս շրջանում նա իր հոդվածներում անդրադառնում է հիմնականում սփյուռքահայ արվեստագետներին` Կ. Ադամյանին, Է. Շահինին, Գառզուին և ուրիշների:
Թեպետ Ռ. Շիշմանյանի գեղանկարչական աշխատանքները հիմնականում հաստոցային գործեր են, բայց դրան զուգահեռ 1920-1930-ական թթ. արվեստագետը Փարիզում ստեղծագործում է զարդանկարի ասպարեզում: Վարպետը մի որմնանկար է արել Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահում, մեկ այլ որմնանկար` Հայ ուսանողների տան գրադարան-ընթերցասրահի շենքում: Այստեղ առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը, ինչն իր արտահայտությունն է գտել իր ողջ ստեղծագործության մեջ: Դրա ցայտուն օրինակը Շիշմանյանի ձևավորած ֆրանսերեն և հայերեն գրքերն են, ինչպես օրինակ, 1926 թ. Փարիզում լույս տեսած Կոմիտասի երկերի շարքը: Նկարիչը կատարելապես տիրապետել է ոչ միայն հայկական, այլև օտար ժողովուրդների զարդարվեստին, ինչի վկայությունն է 1923թ. Փարիզում հրատարակված արաբական հեքիաթների ժողովածուի ձևավորումը (<<Perles Eparpillees>>): Ռ. Շիշմանյանը Խորհրդային Հայաստանում ձևավորել է 15 երաժտական ժողովածու` Ռ. Մելիքյանի <<Զար Վարը>> (1949թ.), Կոմիտասի <<Հայկական ժողովրդական երգեր և պարեր>> ազգագրական ժողովածուն (1950թ.) և այլն:
1947 թ. հաստատվելով հայրենիքում` Շիշմանյանը շարունակում է զբաղվել գեղանկարչությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվում Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թթ. գծանկար է դասավանդում Երևանի կերպարվեստի ուսումնարանում, 1956 թ. հրատարակում <<Էդգար Շահին>> մենագրությունը, 1958-ին <<Բնանկարն ու հայ նկարիչները>> ծավալուն աշխատությունը: 1956թ. Ռ. Շիշմանյանին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: Մահացել է 1959 թ. Երևանում: