Հավաքածու / Շտեմարան



Մելքոնյան Աշոտ Անատոլիի

(1930 - 2009)

Աշոտ Մելքոնյան
(1930 Դոնի Ռոստով- 2009 Ֆրեզնո )

Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1930 թվականին` Դոնի Ռոստովում: 1935 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան` հաստատվելով Լենինականում: Այստեղ նա սովորել է Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում և միաժամանակ աշխատել քաղաքի դրամատիկական թատրոնում: Մասնագիտական կրթություն է ստացել`ավարտելով Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, իսկ 1956-ին` Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1957-ից ընդունվել է նկարիչների միություն և ակտիվորեն մասնակցել տարբեր ցուցահանդեսների: Աշոտ Մելքոնյանի արվեստն աչքի է ընկնում իր բազմաժանրությամբ: Բեղուն ստեղծագործական կյանքի ընթացքում ձևավորվել են նկարչի ուրույն ոճն ու արտահայտչամիջոցները: Նրա վրձնած դիմանկարները, կոմպոզիցիաները, նատյուրմորտները իրենց պարզությամբ հանդերձ, ընկալվում են իբրև դասական աշխատանքներ: Աշոտ Մելքոնյանը հայկական բնանկարի տաղանդավոր վարպետներից մեկն է: Նրա ստեղծած քնարական աշխարհն ու բնության տեսարանները ողողված են մեղմ արծաթ լույսով («Սարալանջ», 1980, «Աշուն», 1961, «Լենինական», 1977 և այլն): 1970-ականներին Մելքոնյանի արվեստում սկսում են գերակշռել կամերային բնույթի դիմանկարները («Ժաննայի դիմանկարը», 1971, «Իզաբել», 1975, Հայելու առջև, 1977 և այլն): Մեղմ գունաշարով ներկայացված այս քնարական կերպարները ներկայացնում են մարդկային ամենատարբեր էություններ ու հոգեվիճակներ:Հետաքրքրական ու ինքնատիպ են հեղինակի կոմպոզիցիոն աշխատանքները, որոնցում նա մեծ հույզով արծարծում է սիրո, մայրության, երիտասարդության թեմաները («Ընտանիք», 1967, «Մայրը մանկան հետ. Հանգիստ», 1971, «Սպասում», 1975, «Գարուն», 1983), Հեղինակի կողմից անտեսված չէ նաև նատյուրմորտի ժանրը (Նատյուրմորտ. Ծաղիկներ, 1980): Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող նկարչի հավաքածուն կազմում են նրա ինը գեղանկարչական աշխատանքները, որոնց թվում են «Ընտանիք» (1967) և «Գարուն» (1983) ստեղծագործությունները: Վերջինս տեղ է գտել ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունում: Աշոտ Մելքոնյանը, ի թիվս մեր այլ տաղանդավոր նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Հենրիկ Սիրավյանի եւ Ռաֆայել Սարգսյանի, 1969 թվականին մասնակցել է Գեւորգյան ճեմարանի գմբեթարդի առաստաղի որմնանկարչական աշխատանքներին (Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ): Նկարիչը զբաղվել է նաև մանկավարժական, գործունեությամբ. 1972-80թթ. դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում: 1997 թվականից մինչև կյանքի ավարտը Մելքոնյանը ապրել ու ստեղծագործել է Ֆրեզնոյում (ԱՄՆ): Նրա ստեղծագործությունները տեղ են գտել նաև մասնավոր հավաքածուներում: Նկարիչը մասնակցել է մի շարք խմբակային և անհատական ցուցահանդեսների` Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում` արժանանալով տարբեր պարգևների ու կոչումների: