(1909 - 1994)
2.11.1909. Երևան 30.08.1998 Երևան
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ խորհրդային շրջանի հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից է Բաբկեն Քոլոզյանը: Նկարիչը ծնվել է 1909 թ. Երևանում: 1927-ին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (դասատուներ` Ստ. Աղաջանյան, Ս. Առաքելյան, 1938-ին ավարտել է համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (դասատուներ` Վ.Օրեշնիկով, Ա.Օսմյորկին): Ստեղծագործելուն զուգահեռ Բ.Քոլոզյանը շուրջ քասասուն տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, դասավանդել Լենինգրադի գեղարվեստական տեխնիկումում, Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Երևանի պոլիտեխնիկական և գեղարվեստաթատերական ինստիտուտներում, կրթել ու դաստիրակել բազմաթիվ նկարիչների:
Բ.Քոլոզյանը երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական գործունեության ընթացքում Հայաստանի նկարիչների տանը կազմակերպել է հինգ անհատական ցուցահանդես, մասնակցել Խորհրդային միության և արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների: Նկարչի ստեղծագործությունները գրավում են ապրումների անկեղծությամբ, ժամանակի ճիշտ զգացողությամբ, որոնք մարմնավորվում են լուսավոր կոլորիտով, քնարական տրամադրությամբ բնանկարներում ու նատյուրմորտներում, հոգեբանական բնութագրումով առանձնացող դիմանկարներում:
Բնանկարներում Քոլոզյանը ընտրում է հայրենի բնաշխարհի գողտրիկ, պարզ ու սովորական անկյունները, իրեն հատուկ նրբությամբ վերարտադրում գարնան զարթոնքի, լեռնային գյուղի խաղաղ երեկոյի, ոսկեդեղին աշնան ու ձմռան անկրկնելի գեղեցկությունը, որը նա արտահայտում է հյութեղ գույների ներդաշնակ երանգներով, կենսալից վրձնահարվածներով (<<Գարունը Սաղմոսավանում >>, 1986, <<Ամառ>>, 1980, <<Ժայռեր>>, 1985, <<Սպիտակ լռության>>, 1989): 1970 թվականից բնակվում է գեղատեսիլ Սաղմոսավան գյուղում: Եվ կյանքի վերջին երկու տասնամյակի բնանկարներում հաճախակի է պատկերում Սաղմոսավանը` շրջակա լեռներով, ձորերով, դաշտերով ու պատմական հուշարձաններով: Այս շրջանի աշխատանքներն առանձնանում են կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցվածքով, հարուստ երփնագրով, մարդու և բնության կապի նորովի ընկալումով, որով արվեստագետն արտահայտում է իր ջերմ վերաբերմունքը հայրենի հողը մշակողի և շենացնողի նկատմամբ;
Բ.Քոլոզյանը նատյուրմորտներում հիմնականում նախընտրում է դաշտային ծաղիկներ ու թփեր, որոնց անպաճույճ գեղեցկությունը պատկերում է բաց տարածության մեջ, բնության գրկում, երբեմն համադրում մրգերի ու պտուղների հետ (<<Գայլի բոխի>>, 1985, <<Վարդագույն նատյուրմորտ>>, 1990, <<Նատյուրմորտ աշնան տերևներով>>, 1990):
Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային թանգարաններում (Ազգային պատկերասրահ, Պատմության թանգարան, Արվեստի ու գրականության թանգարան),Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում ու մասնավոր հավաքածուներում: Նկարիչը մահացել է 1998-ին Երևանում:
© 2011-2014 - Հեղինակային իրավունքները պաշտպանված են, Հայաստանի ազգային պատկերասրահ | Օգտագործման պայմաններ | Facebook