Հավաքածու / Շտեմարան



Նազարյանց Ենովք Հ.

(1868 - 1929)

ԵՆՈՎՔ Հ.ՆԱԶԱՐՅԱՆՑ
(1868, Կ.Պոլիս – 1928/29 Լենինական)

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի դիմանկարի ժանրում ստեղծագործող հայ անվանի վարպետների շարքում իր արժանի տեղն ունի պոլսահայ նկարիչ Ենովք Նազարյանցը: Նրա կյանքի և գործունեության մասին մեզ հասած տեղեկությունները սակավ են և մասամբ հակասական: Նազարյանցը մասնագիտական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, այնուհետև կատարելագործվել է Իտալիայում և Ֆրանսիայում: 1891 թ. Նազարյանցը Կ.Պոլսից տեղափոխվում է Նոր Նախիջևան, 1892 թ.` Թիֆլիս: 1906 թվականից նկարիչը հաստատվել է Ալեքսանդրապոլում և միայն պարբերաբար այցելել Երևան և Թիֆլիս:
Ե.Նազարյանցը ստեղծագործել է հիմնականում դիմանկարի ժանրում: Հավասարապես տիրապետելով մատիտի, յուղաներկի և կավճամատիտի տեխնիկաներին` նախապատվությունը տվել է վերջինիս: Նազարյանցի բարձրարվեստ դիմանկարները յուրօրինակ և ինքնատիպ են հայկական կերպարվեստում: Հատկապես ուշագրավ են ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունում գտնվող նրա լավագույն կավճամատիտային դիմանկարները` տեր և տիկին Շալամյանների և Հեքիմյանների զուգանկարները:
Այստեղ առավելագույնս դրսևորվել է նկարչի արվեստի ողջ ուժը` գծանկարի կատարյալ վարպետությունը և յուղաներկի հնչեղության հասցրած կավճամատիտիտեխնիկան: Նազարյանցի ստեղծագործական ժառանգությունից ՀԱՊ-ում պահպանվում են պաստելով արված 10 դիմանկար և 9 փոքրածավալ մատիտային ճեպանկարներ: Տարբեր աղբյուրներում հիշատակված նրա աշխատանքների մի մասը ոչնչացել է հրդեհի և ոչ ճիշտ պահպանության պատճառով, շատերի գտնվելու վայրը առայժմ անհայտ է: Այսօր գնահատվում և ընդգծվում է նկարչի ստեղծագործությունների ոչ միայն կատարողական արվեստը, այլև պատմական արժեքը: Նրա դիմանկարներից մեզ 20-րդ դարասկզբի նայում են տարբեր խավերի մարդկանց կերպարները` վաճառականը, մտավորականը, արհեստավորը և զինվորականը, հայ ազնվական տիկինը և նահապետական տարեց կինը:
2006 թ. ՀԱՊ-ում առաջին անգամ ցուցադրվեց Ե. Նազարյանցի ամբողջ հավաքածուն և տպագրվեց ցուցահանդեսի կատալոգ: