Հավաքածու / Շտեմարան



Սաֆարյան Սուրեն Սարգսի

(1923 - 1988)

Սուրեն Սաֆարյան
(1923,Բաքու -1988, Երևան)

Նկարիչ, գրաֆիկ Սուրեն Սաֆարյանը ծնվել է 1923 թվականին Բաքվում: Ուսումնառության տարիներն անցել են Երևանում: Հաճախել է Գեղարվեստի ուսումնարան, 1942 թվականին ավարտելով այն, անմիջապես մեկնել է ռազմաճակատ: Հետագայում կրթությունը շարունակել է արդեն Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտում (1947-52):
Սուրեն Սաֆարյանն անդրադարձել է տարբեր ժանրերի` ստեղծելով բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ ու թեմատիկ կոմպոզիցիաներ: Նրա գործերն աչքի են ընկնում ռեալիզմով ու ավարտվածությամբ. ակներև է հեղինակի մանրամասն մշակումն ու մանրակրկիտ աշխատանքը: Սաֆարյանական գունապնակը բաղկացած է կապույտի, վարդագույնի, կարմրաշագանակագույնի հագեցած երանգներից, որոնք նկարչի թրթռացող վրձնահարվածների շնորհիվ յուրահատուկ գրավչություն են հաղորդում երկերին: Կտավների հիմքում ընկած են նկարչի խոհերը ազատության, մարդկության ճակատագրի, նրա ապագայի մասին:
Պատերազմական տարիներն իրենց անջնջելի հետքն են թողել նկարչի կյանքում` դարձել նրա արվեստի առանցքային թեմաներից մեկը:Պատմահեղափոխական ժանրի մեծադիր աշխատանքները զգալի տեղ են զբաղեցնում նկարչի արվեստում («Անդորր», «Կռունկներ » և այլն): Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում ներկայացված է հեղինակի «Հայրենի մեղեդիներ» նկարը, որի համար «1945-ի գարնանը» և «Ազատարարները» ստեղծագործությունների հետ միասին 1971 թվականին նա արժանացել է Մ. Գրեկովի անվան արծաթե մեդալի: Սաֆարյանի վրձնած դիմանկարները բազմաբնույթ են` մշակույթի անվանի գործիչներից (Մ. Մաշտոց, Սայաթ-Նովա, Չարենց և այլք) մինչև հասարակ գյուղացիներ ու արհեստավորներ (« Ձկնորս Արշակը» , «Դարբին Գ. Սարգսյանի դիմանկարը»:
Եվրոպական մի շարք երկրներ կատարած ճամփորդությունները Սաֆարյան-նկարչի համար ներշնչանքի մեծ աղբյուր հանդիսացան` հարստացնելով նրա գունապնակը վառ գույներով, առիթ ընձեռելով առնչվելու տարբեր մշակույթների ու ժողովուրդների հետ և դրան զուգահեռ արժևորելու և անդրադառնալու նաև ազգային թեմաներին («Հինավուրց հուշարձաններ»,«Ընդհատված մեղեդի»): Այս ճամփորդություններից ծնված գրաֆիկական ու գեղանկարչական շարքերը փոխանցում են տարբեր ազգերին և երկրներին բնորոշ շունչն ու կոլորիտը` տիպական կերպարներով ու տեսարաններով («Դոն Քիշոտ» , «Կաբուկի թատրոնի մոտիվներով», «Կոլիզեյ»): Հեղինակն անդրադարձել է նաև բնանկարի ժանրին` պատկերելով Հայաստանի գեղատեսիլ վայրերը, բանաստեղծական տեսարաններն ու պատմամշակութային կոթողները («Սևանը ձմռանը» «Հին Գորիս», «Աշտարակի Կարմրավոր»):
Նշանակալի է նկարչի մանկավարժական գործունեությունը, որին նա նվիրվել է սկսած 1952 թվականից` դասավանդելով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա` Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1976 թվականից ղեկավարել է գծանկարի ամբիոնը: 1988-ից նույն պաշտոնն է զբաղեցրել նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
Ուշագրավ է նաև Սաֆարյանի գործունեությունը Նկարիչների միությունում, որին նա անդամակցել է 1953 թվականից, այնուհետև ընտրվել վարչության քարտուղար, ապա` նախագահ: Այս տարիներին նա հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով ու մտահղացումներով. նրա ջանքերի շնորհիվ կազմակերպվել է ամենամյա «Մի գործի ցուցահանդեսը»:
Սուրեն Սաֆարյանն արժանացել է մի շարք պարգևների ու կոչումների: Նրա մասնակցությունը ցուցահանդեսներին սկիզբ է առել 1947 թվականից: Առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1969-ին Էջմիածնում, իսկ մեկ տարի անց` Լենինականում ու Դիլիջանում: Ունեցել է բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսներ հայրենիքում և արտերկրում: