Հավաքածու / Շտեմարան



Խաչվանքյան Տաճատ Հակոբի

(1896 - 1940)

ՏԱՃԱՏ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ
(1896, Ալեքսանդրապոլ – 1940, Մագադան)

Տաճատ Խաչվանքյանը ծնվել է 1896 թ. Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի): 1915թ. նա ավարտել է Ալեքսանդրապոլի ութնամյա առևտրական ուսումնարանը և ստանում առևտրի թեկնածուի կոչում, միաժամանակ` իրեն դրսևորում երաժշտության ասպարեզում: 1915-1916թթ. ընթացքում սովորել է Մոսկվայի առևտրական ինստիտուտի Ալեքսանդրապոլի մասնաճյուղում:
1917 թ. նա ընտանիքի հետ տեղափոխվում է Երևան և աշխատում որպես հաշվապահ: 1920 թ. Խաչվանքյանը նկարիչ Հ. Կոջոյանի հետ ուղևորվում է Պարսկաստան, մինչև 1925 թ. աշխատել է Երևանի գեղարվեստա-տեխնիկական դպրոցում որպես քարտուղար: Ծանոթանում է նկարիչներ Ս. Առաքելյանի, Վ. Գայֆեճյանի և այլոց հետ, իսկ 1924 թ. մասնակցում է Երևանում կազմակերպված Առաջին գարնանային ցուցահանդեսին: Այս ամենը ավելի է նպաստում արվեստով զբաղվելու նրա ցանկությանը և նա ուսումնառությունը շարունակելու նպատակով մեկնում է Մոսկվա: 1925-1930 թթ. սովորում է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների (ՎԽՈՒՏԵՄԱՍ) Պոլիգրաֆիական ֆակուլտետում` Վ. Ֆավորսկու, Ն. Կուպրեյանովի մոտ, և ստանում հրատարակչական արդյունաբերության նկարիչ-տեխնոլոգի որակավորում:
1930 թ. վերադառնում է Երևան: Հայաստանում Խաչվանքյանը տեխնիկական խմբագրի մասնագիտական կրթություն ստացած միակ նկարիչն էր: Նա Ե. Չարենցի հրավերով աշխատանքի է անցնում Հայաստանի պետական հրատարակչություն: Նա նաև դասավանդում է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում և Պետական պոլիտեխնիկական ինստիտուտում:
1938 թ. Խաչվանքյանը անհիմն ձերբակալվում է և աքսորվում Մագադան (հետմահու արդարացվում է 1956 թ.), որտեղ և 1940 թ. նա կնքում է իր մահկանացուն:
Նրա հիմնական ներդրումն արվեստում, իր գրքարվեստի ստեղծած բարձրարժեք նմուշներն են: Նա նկարազարդում և ձևավորում է տասնյակ գրքեր` Ե. Չարենցի <<Գիքորի երազ>>-ը, 1928 թ. Կ. Տերենցի <<Թավրիզ>>-ը, 1929 թ. , Ա. Վշտունու <<Ռադիո-Ալժիր>>-ը, 1931 թ., Պ. Դուրյանի <<Տաղեր>>-ը, 1932 թ., Հ. Թումանյանի <<Գեղարվեստական երկեր >>-ը, 1934 թ., Ե. Օտյանի <<Երկերի ճողովածու>>-ն, 1935 թ,, Ա. Պուշկինի, Հ. Հայնեի և այլոց երկերը: Գրքերում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նրա ֆորզացները, հեղինակների դիմանկարները, անվանաթերթերը, հայկական մանրանկարչությունից փոխառված գլխատառերը, սկզբնազարդերը ևն:
Նախապատվությունը տալով գրաֆիկային` նա հավասարապես վարժ տիրապետում է մատիտի (<<Երևանի շուկան>>,1927 թ.), տուշի (<<Թթենու տակ>>, ) ջրաներկի տեխնիկաներին: Զբաղվում է վիմագրությամբ և փայտագրությամբ` (<<Ձորագյուղ>>,1926 թ., <<Երևանի շուկան>>,1927 թ.): Հեղինակ է մի շարք գեղանկարչական աշխատանքների` (<Ինքնանկար տիկնոջ հետ>1930-ական թ., <<Պուշկինը հայկական գյուղում>> 1930-ական թթ. ևն):