(1875 - 1922)
ՎԱՆՈ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ (1875-1922)
Ծնվել է Թիֆլիսում հունվարի 14-ին, մաշակար Գևորգի ընտանիքում: Յոթ տարեկանից աշխատել է եղբոր` Գասպարի խանութում: 1889 թ. տեսնելով նկարիչ Պ. Բոկլևսկու Գոգոլի «Մեռած հոգիներ» գրքի նկարազարդումները սկսում է մատիտով նկարել մարդկանց տարբեր կերպարներ: 1901 թ. ամուսնանում է Վարդանուշ Սանոյանի հետ: Վանոն աշխատում է մանրավաճառքի իր խանութում: Ունեցել է վեց զավակ` երեք որդի և երեք դուստր:
1904 թ. Խոջաբեկյանը ընդունվում է «Գեղեցիկ արվեստների թիֆլիսյան ընկերության» նկարչական դպրոցը, սակայն շուտով թողնում է ուսումը: 1910 թ. հաճախում է Ն. Սկլիֆասովսկու արվեստանոցը, բայց, որոշ ժամանակ անց հեռանում է այնտեղից: 1916 թ. միառժամանակ այցելում է Գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, Օսկար Շմերլինգի դասարանը, սակայն, այդպես էլ լիարժեք մասնագիտական կրթություն չի ստանում: Նույն թվականին առաջին անգամ մասնակցում է «Փառքի Տաճար» պատկերասրահի ցուցահանդեսին, իսկ 1917 թ.` ընդունվում է Թիֆլիսի Հայ արվեստագետների միություն /ՀԱՄ, հիմնադրվել է 1916 թ./: 1919 թ. մեկնում է Երևան մասնակցելու ՀԱՄ 3-րդ ցուցահանդեսին: Այստեղ նա տեսնում է 1915 թ. ցեղասպանությունից փրկված հայ փախստականների, վերադառնալով տուն այդ թեմայով ստեղծում է իր գծանկարների լավագույն շարքը: 1920-21 թթ. աշխատում է «Ունիոն» սրճարանում որպես դռնապան, ապա թատրոնում` պահակ:
1922 թ. նա հիվանդանում է թոքաբորբով և նոյեմբերի 16-ին կնքում մահկանացուն: Թաղված է Վերեյի գերեզմանատանը, իսկ 1938 թ. վերաթաղվել է Թիֆլիսի Հայ արվեստագետերի Պանթեոնում:
Խոջաբեկյանը ծայր աստիճան սահմանափակ միջոցներով` սոսկ մատիտով թղթի վրա, կարողացել է խորությամբ և համոզիչ կերպով հաղորդել իրեն շրջապատող իրականությունը, ընդսմին, պատկերելով դրա սոցիալական և ազգային անկրկնելի առանձնահատկությունները: Լինելով ժողովրդի ծոցից ելած և բնածին տաղանդի տեր` նա մշակել է նկարելու սեփական ոճը և միջոցները: Թիֆլիսյան կոլորիտով ներծծված նրա ստեղծագործություններն ընդգրկում են որոշակի թեմաների շրջան, որոնք կապված են Անդրկովկասի ժողովուրդների, առաջին հերթին հայերի. ազգային սովորույթների հետ. կնունքներ, հարսանիք, հուղարկավորություն, տոնական ու պաշտամունքային արարողություններ, շուկայի տեսարաններ, մրցումներ: Խոջաբեկյանը գլխավորապես ժանրային նկարիչ է: Նրա ստեղծագործությունները իրականության, գեղարվեստորեն արտացոլումն են, որում ապրել և աշխատել է վարպետը: Խոջաբեկյանի գծանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր քաղաքներում` Թբիլիսիում, Երևանում, Կոնստանդնուպոլիսում, Մոսկվայում, Փարիզում, Նյու-Յորքում, Լվովում:
© 2011-2014 - Հեղինակային իրավունքները պաշտպանված են, Հայաստանի ազգային պատկերասրահ | Օգտագործման պայմաններ | Facebook