Հավաքածու / Շտեմարան



Գայֆեճյան Վահրամ Մկրտչի

(1879 - 1960)

20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարչության և գրաֆիկայի խոշորագույն վարպետներից մեկի` Վահրամ Գայֆեճյանի արվեստը զգալի ազդեցություն և հետք է թողել ազգային կերպարվեստում:
Ծնվել է 1879 թ. ապրիլի 14–ին Վրաստանի Ախալցխա քաղաքում` հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մկրտիչ Գայֆեճյանի ընտանիքում: 1888-1891 թթ. սովորել է Ախալցխայի քաղաքային ուսումնարանում: 1891 թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի գիմնազիական բաժանմունքը` զուգահեռաբար հաճախելով ճեմարանի գեղարվեստի խմբակի պարապմունքներին: 1901–ին ավարտելով Լազարյան ճեմարանը` նախ ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկական մասնաճյուղը, իսկ 1904-ին` Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղարվեստական բաժանմունքը: 1907-ից մասնակցել է մոսկովյան ցուցահանդեսների:
Մոսկվայում ուսանելու տարիներին ռուսական միջավայրը լայն հնարավորություն ընձեռեց նկարչին հետևելու, ուսումնասիրելու անցյալի և իր ժամանակների գեղագիտական շարժումները, նկարչական ուղղությունները: Այդ ժամանակաշրջանում նկարիչը հնարավորություն ունեցավ ճանաչելու և յուրացնելու ռուս և արևմտաեվրոպական նկարչության հիմնական զարգացումներն ու միտումները` ի վերջո հարելով իմպրեսիոնիզմին: Ուսումն ավարտելուց հետո 1912 թ. վերադառնալով Ախալցխա` Գայֆեճյանը կազմակերպել է գեղարվեստական ստուդիա, մասնակցել Թիֆլիսի «Հայ արվեստագետների միության» ցուցահանդեսներին:
1924-ից սկսվում է ստեղծագործական և աշխատանքային երևանյան տարեգրությունը. Գայֆեճյանը հայ կերպարվեստագետների միության հիմնադիրներից ու նրա երկարամյա ղեկավարներից մեկն էր: Ավելի քան 30 տարի դասավանդելով Գեղարվեստի ուսումնարանում (հետագայում` Թերլեմեզյանի անվան) եղել է հայտնի նկարիչներից ու քանդակագործներից շատ շատերի ուսուցիչը:
Նրա վրձնին են պատկանում գծանկարներ և գրաֆիկական գործերի ամբողջական շարքեր, գեղանկարչական բազմաթիվ կտավներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի մշտկան ցուցադրությունում և ֆոնդապահոցներում են պահպանվում «Դեկորատւիվ մոտիվներ» (1902-1906թթ.), «Ինքնադիմանկար» (1912թ), «Սրճարանում» (1914թ.), «Եղրևանու ծաղիկները» (1917թ.), «Մոպասանի մոտիվներով» (1919թ.), «Ծաղկած ծառեր» (1953թ.), «Լարախաղացներ» (1930թ.) և այլ ուշագրավ ստեղծագործություններ, կան գործեր Մոսկվայի Արևելքի թանգարանում, տեղի և արտերկրի մասնավոր հավաքածուներում: