(1903 - 1965)
Վեհիկ Տեր-Գրիգորյան
1903-1965
Գեղանկարչուհի Վեհիկ Տեր-Գրիգորյանը ծնվել է 1903 թվականին` Ախալցխայում: Մասնագիտական կրթություն է ստացել Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, ուսանելով Ե. Լանսերեի և Ե. Թադևոսյանի արվեստանոցներում: Ավարտել է 1930 թվականին: Նկարչուհին թիֆլիսահայ շատ արվեստագետների նման իր ստեղծագործություններում ներկայացրել է կովկասյան կյանքն իր բնորոշ կողմերով, նիստուկացով, յուրահատուկ քնարականությամբ պատկերելով հեզաճկուն կանանց` իրենց հագուստներով ու արդուզարդով: Նուրբ ու թրթռացող վրձնահարվածներով, հագեցած ու ներդաշնակ գունաշարով նա կերտել է բանաստեղծական մի աշխարհ: Վեհիկ Տեր-Գրիգորյանի արվեստը ժանրային առումով բավական ընդգրկուն է. նա ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն տեսարաններ, գրաֆիկական գործեր ու էքսլիբրիսներ: Հատկապես ուշագրավ են դիմանկարները, որոնք աչքի են ընկնում կերպարների յուրօրինակ բացահայտումներով և լի են անկեղծությամբ («Էմիլի դիմանկարը» (1947), «Բայրոնի դիմանկարը» (1965), «Ջեմմայի դիմանկարը» (1958), «Սայաթ-Նովայի դիմանկարը» (1962), «Տատա Սողոմոնյանի դիմանկարը» (1955) և այլն):
Հետպատերազմյան տարիներին Վեհիկ Տեր-Գրիգորյանի արվեստը թեմատիկ փոփոխություններ է կրել` ենթարկվելով սովետական գաղափարախոսությանը, սակայն ընդհանուր առմամբ պահպանել է իր նրբագեղ լիրիկական ոճը:
1945 թվականին նկարչուհին տեղափոխվում է Երևան` մշտական բնակության, որտեղ էլ անցնում են նրա կյանքի վերջին 20 տարիները: 1956-ին Երևանում բացվում է նրա անհատական ցուցահանդեսը: Նա զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում է պահվում նկարչուհու շուրջ 70 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք («Կովկասյան պար» (1945), «Մտորում» (1940), «Ինքնադիմանկար գլխարկով» (1947), «Բերրիություն» (1944) և այլն): Նրա լավագույն գործերը տեղ են գտել ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունում:
Ուշագրավ են նաև հեղինակի գրաֆիկական թերթեր, որոնք «Սասունցի Դավիթ» էպոսի (1947), հեքիաթների ջրաներկ նկարազարդումներ են ու կոմպոզիցիոն գործեր:
© 2011-2014 - Հեղինակային իրավունքները պաշտպանված են, Հայաստանի ազգային պատկերասրահ | Օգտագործման պայմաններ | Facebook