Թանգարան / Նորություններ

22.04.2017 - 31.05.2017

Ազգային պատկերասրահում օրերս բացվեց «Գաղթականություն» խորագիրը կրող ցուցահանդեսը

 XIX դարավերջին և XX դարասկզբին հայ ժողովուրդն ապրեց մեծ ողբերգություն:
Ազգային պատկերասրահում օրերս բացված «Գաղթականություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ, որոնք վկայություններ են` հիմնված սեփական հիշողությունների ու տպավորությունների վրա:

Հայերի կոտորածին, հայկական հոգևոր կենտրոնների ու մշակութային օջախների ավերմանն ու սրբապղծմանն անդրադարձած առաջին արվեստագետներից են աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (1817–1900) և ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը (1860–1921):
Ինչպես հայտնի է, Վ. Սուրենյանցը բազմիցս անդրադարձել է այս թեմային իր մի շարք կտավներով, սակայն այս ցուցահանդեսում տեղ են գտել հայ գաղթականների պատկերները: 1915 թվականին նկարիչը շուրջ կես տարի ապրել է Էջմիածնում, տեսել Մեծ եղեռնից փրկված վանեցի գաղթականների թշվառ վիճակը, հիացել նրանց ազգային տարազներով: Ներկայացված են նաև Հովսեփ Կարալյանի (1897-1981) և Գրիգոր Շարբաբչյանի (1884-1942) կտավները, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի դառն էջերը:
Էջմիածնում ապաստանած հայ գաղթականներին պատկերող բազմաթիվ երկերի հեղինակ է նաև Սարգիս Խաչատուրյանը (1886-1947): Մորն ու եղբորը կորցրած նկարիչը ստեղծել է հայ գաղթականներին նվիրված նկարաշար, որը ցուցադրվել է Թիֆլիսում, Երևանում և Կ. Պոլսում: Նրան անվանել են «հայ վշտի երգիչ»: Նույն շրջանում ստեղծված գրաֆիկական թերթերից ուշագրավ են Հակոբ Էքիզյանի (Յակով Էքիզլեր) (1873 - 1930) մատիտանկարները:Սփյուռքահայ արվեստագետներից շատերն են անդրադարձել թեմային`
Արմիսը (Արմենակ Միսիրյան, 1901-1977), Ժիրայր Օրագյանը (1901-1962), Արշիլ Գորկի (1904-1948), Աշոտ Զորյանը (1905–1970), Լևոն Թութունջյանը (1906–1968), Գառզուն (1907–2000), Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013), Պոլ Կիրակոսյանը (1926–1993) և ուրիշներ:
Խորհրդահայ կերպարվեստում գաղափարական և քաղաքական անբարենպաստ պայմաններում Հայոց ցեղասպանության թեման լռության էր մատնվել: Միայն ձնհալի տարիներից հետո արգելված թեման աստիճանաբար տարածում գտավ: Դրա վառ օրինակներից են ցուցահանդեսում ներկայացված Էդվարդ Արծրունյանի
(1929–2010) և Ալբերտ Պարսամյանի (1935–1995) կտավները:
Հայոց ցեղասպանության և գաղթականության թեման այսօր էլ հուզում է արվեստագետներին` հիմք հանդիսանալով նորանոր ստեղծագործությունների համար:



Մշտական
ցուցադրություն

Մուրադյան Զարուհի Սարգսի

Անդորր (1985)

կտավ, յուղաներկ
100x80 սմ