Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.12.2015 - 15.06.2016

Փանոս Թերլեմեզյան-150 հոբելյանական ցուցահանդես

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Ներկայացված են Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 134 աշխատանքներ, որոնցից 15-ը գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական երկեր են` միանգամայն տարբեր ժանրային, բովանդակային ու տեխնիկական առումով: Ցուցահանդեսի նպատակն է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, մեկ անգամ ևս կարևորել նրա մեծ ավանդը հայ կերպարվեստում:Հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը ողջ կյանքի ընթացքում հանգամանքների բերումով տեղափոխվել է երկրե երկիր. հայրենի Վանից՝ Պոլիս, ապա Կովկաս, Ռուսաստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Ամերիկա… Իր անվերջանալի դեգերումների ժամանակ նկարիչը ստեղծագործել է ամենուր և անդադար. անդուլ աշխատասիրության, ներքին մղումի, աներեր կամքի շնորհիվ նա կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն: Փանոս Թերլեմեզյանի ստեղծագործություններում տրոփում է խոր հայրենասիրությունը՝ ի հայտ բերելով վրձնով, գրչով ու զենքով հայ ժողովրդին նվիրաբերած արվեստագետի կենսական հավատամքն ու էությունը:
Գեղանկարիչը հարել է ռեալիստական ուղղությանը, որը 20-րդ դարասկզբին հաստատվել ու լայնորեն տարածում էր գտել` ընդդեմ 19-րդ դարի 60-ական թթ. Արևմտյան Եվրոպայում ու Ռուսաստանում պահպանողական ակադեմիզմի: Արտահայտչամիջոցների տեսակետից Փանոս Թերլեմեզյանի ստեղծագործությունները հայ գեղանկարչության զարգացման պատմության մեջ եթե նույնիսկ չդարձան առաջընթաց խոշոր քայլ և ուղենիշ, ապա հարստացրեցին հայ կերպարվեստը բովանդակային առումով։
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Թերլեմեզյանը զբաղվել է բնանկարով. նրա թողած 1000-ից ավելի աշխատանքների գերակշիռ մասը պեյզաժներ են, որոնք արված են աշխարհի տարբեր ծայրերում, բայց նա մշտապես առանձնահատուկ ջերմությամբ է խոսել հայրենի բնաշխարհը պատկերող իր կտավների մասին։ Թերլեմեզյանի բնանկարները յուրօրինակ ձոն են հայրենի երկրին ու բնությանը:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Փանոս Թերլեմեզյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների շքեղ պատկերագիրք-գիտական կատալոգը, ուր առաջին անգամ ներկայացվում է նկարչի կյանքի ու կենսագրության ստեղծագործական գործունեության ամբողջական պատկերը: 

Հայ գեղանկարի բաժնի ավագ գիտաշխատող`
Զարուհի Դիլանյան



 

 

 



Մշտական
ցուցադրություն

Կայսերական ճենապակու գործարան

Աղաման (1762-96 )

ճենապակի, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ռելիեֆ
բարձ.3,5/երկ.10 սմ